Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ իրադրությունը շարունակում է սրվել, Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է հայերի կյանքն անհնար դարձնելու համար։
Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ ավելին, Ադրբեջանն անգամ արգելել է ԿԽՄԿ-ի մեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Վարչապետը ներկայացրել է խնդրի լուծումն իր պատկերացումը՝ 2 կետ առանձնացնելով։
Նա հիշեցրել է, որ Հաագայի դատարանի որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում է Ադրբեջանին պարտավորեցրել էր ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարել և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է և մենք խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ։ Ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց»,-հայտարարել է Փաշինյանը։
Մյուս կարևոր կետն, ըստ վարչապետի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմն է։
«Պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»,-ասել է նա։
Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից:
Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: