23 հունիսի 2023 - 13:03 AMT
Բայրամով․ ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու Երևանի հայտարարություններն անընդունելի են

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԼՂ հայերին անվտանգության լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտություն չի տեսնում և գնահատում է Երևանի համապատասխան հայտարարությունները «որպես միջամտություն երկրի ներքին գործերին»։

«Մենք չենք ընդունում նման նախնական պայման․․․(Երևանի կողմից հնչեցվող լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու ) մի շարք պատճառներով։ Հիմնարար պատճառն այն է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Ադրբեջանի սահմանադրությունն ու մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց մասնակից է Ադրբեջանը, ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ երաշխավորելու համար բնակչության այդ մասի իրավունքները»,-ասել է Բայրամովը Reuters-ին հարցազրույցում, գրում է Interfax.az-ը։

Ըստ նրա` «վերաինտեգրման շրջանակում հայկական ծագումով բնակիչները կկարողանան կիրառել իրենց լեզուն, պահպանել մշակույթը, կրթություն ստանալ մայրենի լեզվով, ինչպես Ադրբեջանի մյուս էթնիկ փոքրամասնությունները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի կառավարության նիստում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, ասել է, որ իրադրությունը շարունակում է սրվել, Ադրբեջանի կողմից ամեն ինչ արվում է հայերի կյանքն անհնար դարձնելու համար։ Նա հայտարարել է, որ պետք է, ի վերջո, գործարկվի Բաքու-Ստեփանակերտ միջազգային երկխոսության մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը: