Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է զինել բանակը նոր սպառազինությամբ, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։
«Արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ինչպես նոր ԱԹՍ-ների, այնպես էլ հեռահար և բարձր ճշգրտության հրթիռների ներկրման վերաբերյալ»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։
Նա հավելել է, որ բանակի հզորացումը շարունակում է մնալ համար մեկ խնդիրը և երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո ավելի մեծ թափ է ստացել։
«Բանակաշինության ուղղությամբ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում, դա մեծապես անհրաժեշտ է, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր մարտահրավերներ, իսկ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»,- ասել է նա։
Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։