ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին հնարավոր կլինի աջակցել՝ հենվելով ՄԱԿ որոշման վրա, որի համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը։
«Եթե ինչ-որ լրացուցիչ բան պահանջվի, իսկ կյանքը, իհարկե, տեղում չի կանգնում և իրավիճակը զարգանում է, ապա կարելի է մտածել այդ գործընթացին աջակցելու մասին՝ հենվելով, օրինակ, ՄԱԿ որոշման վրա։ Դրա համար անհրաժեշտ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությունը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը, ուշադրություն հրավիրելով Արևմուտքի միջնորդական ջանքերի վրա, ասել է, որ «ինչ-որ խանդոտ մրցակցություն է գնում Մոսկվայի հետ՝ ամբողջ այդ օրակարգի չևաչափը փոխելու և յուրացնելու համար»։
«Անդրկովկաս խաղաղություն բերելու Արևմուտքի փորձերը կարող են կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե չունեն հակառուսական ուղղվածություն և չեն մրցակցում մեր ջանքերի հետ»,-ասել է նա։
Զախարովան, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար Մոսկվայի կարևորությանը, նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ պայմանագիրը «լինի կայուն և ամուր»։
Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան մտահոգված է Ղարաբաղում ռազմական միջադեպերով և կոչ է անում Բաքվին և Երևանին կարգավորել վիճահարույց հարցերը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։