19 հուլիսի 2023 - 10:57 AMT
Երևան-Երասխ ճանապարհին ավտովթարի զոհերի թիվը հասել է 3-ի․ Քրգործ կա

Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում 5 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի։

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Պատահարի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ:

«Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանցից ևս երկուսը՝ ուղևորներից 43 ամյա տղամարդը և ԲՄՎ-ի 25-ամյա վարորդը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել են:

«Ներկա դրությամբ վթարի հետևանքով վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված բոլոր անձինք գտնվում են բուժաշխատողների հսկողության ներքո։

Նշանակվել են փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վթարի մասնակից տրանսպորտային միջոցները զննվել են և տեղափոխվել հատուկ պահպանման վայր:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցները վթարի պատճառներն ու հանգամաքնները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։