1 սեպտեմբերի 2023 - 18:32 AMT
Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոսությանը կից հրապարակն անվանակոչվել է Արցախի անունով

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում Բաքվի հյուպատոսության հարևանությամբ գտնվող հրապարակը պաշտոնապես անվանակոչվել է Արցախի անունով։ Այս մասին տեղեկանում ենք ամերիկահայ Դավիթ Մնացականյանի ֆեյսբուքյան իր էջում։

Ցուցանակի վրա գրված է` «Ի աջակցություն խաղաղության, մարդու իրավունքների և ժողովրդավարության»։ Բացման արարողությանը մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրքորյանը, որը նախաձեռնության հեղինակն է, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս ցուցանակի գրվածքը շատ կարևոր հաղորդագրություն է աշխարհի համար։ Արցախում այս պահին անելանելի վիճակ է, 120,000 հայ Ադրբեջանի կողմից շրջափակված է։ Այնտեղ սով է, դեղերի սղություն։ Մենք պետք է տարբեր կերպ պայքարենք նրանց դեմ»,– ասել է Քրքորյանը։

Ամերիկահայ Դավիթ Համբարձումյանը նշել է, որ սա հայ համայնքի կողմից հզոր, քաղաքական, ռազմավարական կարևոր քայլ է։ Նա ընդգծել է, որ իրենց պայքարը պատրաստվում են իրականացնել հենց այս հրապարակում։

Արդեն շուրջ 1 ամիս է ամերիկահայերը Լոս Անջելեսում, Գլենդելում բողոքի ակցիաներ են կազմակերպում` ի աջակցություն Արցախի։ Նրանք եղել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի հյուպատոսությունների, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի տան ու գրասենյակի մոտ։ Մոտ 2 շաբաթ առաջ նրանց հաջողվել էր հանդիպել Շիֆի հետ և քննարկել Արցախում տիրող իրավիճակը։