Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի՝ վերջերս փոխանցած առաջարկներին, ասել է, որ իր ունեցած տեղեկություններով, դեռևս արձագանք չկա այդ մասով։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացումը, փոխվարչապետը պատասխանել է. «Որքան էլ ապաշրջափակման հարցերը դիտարկվեն, այնուամենայնիվ, ընդհանուր ֆոնը պետք է նպաստավոր լինի, որովհետև ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն», հայտնում է Panorama.am-ը։
Նա ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չունեն։
«Ընթացքում, բնականաբար, աշխատանքային կոնտակտների մակարդակով ինչ-որ հարցեր քննարկվում են, բայց որևէ պայանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահին չկա։
Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին։ Եվ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն աշխատանքների պասիվացման մասով կա»,–ասել է փոխվարչապետը։
Հունիսի 2-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որտեղ «էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում»: Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում։