6 սեպտեմբերի 2023 - 16:45 AMT
Պեսկով. ՀՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժության մասին տեղեկությունը մտահոգում է

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկությունը մտահոգություն է առաջացնում:

«Դա մտահոգություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում։ Ուստի խորապես վերլուծելու ենք այս նորությունը և հետևելու ենք իրավիճակին»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Photo. Reuters