11 սեպտեմբերի 2023 - 15:26 AMT
ՌԴ–ն դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլէներգիա ՀՀ և այնտեղից Իրան արտահանելու հնարավորությունը

Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա Հայաստան և հետագայում Իրան արտահանելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ խոսելով ՌԴ, Իրանի և Ադրբեջանի միջև էներգակամրջի մասին։

«Հիմա մենք պարզապես դիտարկում ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան, այնտեղից Իրան և, հնարավոր է, նաև այլ երկրներ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը։ Առաջին փուլում Թեհրանի և Բաքվի հետ պայմանավորվում ենք օգտագործել եղած ենթակառուցվածքները, առանց նոր շինարարության»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ խոսքը ՌԴ–ից 300 ՄՎտ էլեկտրաէներգիայի արտահանման մասին է։

«Հետաքրքրվածություն կա նախագծի բոլոր մասնակիցների մոտ։ Տեսնենք, ինչպես կգնա»,–ասել է նախարարը։