ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ունի նույն տեղեկատվությունը, ինչի մասին խոսել է վարչապետը և հրապարակումներ է անում Պաշտպանության նախարարությունը, այն է՝ Արցախի ու Հայաստանի սահմաններին ադրբեջանական կողմը կուտակումներ է իրականացնում։
«Ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Մենք ամեն ինչ հրապարակում ենք, գրում է Aysor.am-ը։
Հրապարակված տեսանյութերից պարզ երևում է, և՛ հրետանային միջոցներ են, և՛ այլ ռազմական տեխնիկա է։ Այդ մասին խոսվել է։ Հորդորում եմ հետևել ՊՆ-ի տեղեկատվությանը։ Որոշակի սրումների կամ կրակի մասին տեղեկատվություն տրամադրում ենք» ,- ասել է փոխնախարարը։
Նա նշել է, թե Պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու համար։
«Պետք է որպես պետություն ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալացիային և ռազմական մեծ գործողույթունների չհասնի» , - ասել է Սարգսյանը։
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։