ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։
«Անշուշտ, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, կաշկանդում է, ձգձգում և ժամանակ է անցնում մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել։ Բանակցությունները չեն կասեցվել, շարունակվում են», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ըստ Օվերչուկի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։
Աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, Ռուսաստանի փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։