ՌԴ–ն պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կրկին ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք առաջիկայում ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Ըստ նրա, Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը նպաստում է Բաքվի և Երևանի միջև լարվածության նվազմանը։
«Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ են մնում եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են 2020-2022թթ․։ Այն ներառում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակում Հարավային Կովկասում»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 26–ին ևս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը, քաղաքական կամքի առկայության դեպքում, պատրաստ է ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ հետագայում եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու հեռանկարով։
Հոկտեմբերի 26–ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մուխրանիում՝ Թբիլիսիի արվարձանում: