2024–ին Հարավային Կորեան դեսպանատներ կբացի 10 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Այդ մասին հայտնել է կորեական Korea Joongang Daily–ն ԱԳՆ վրա հղումով։
«Մենք որոշել ենք այն երկրների ցանկը, որտեղ նոր դեսպանատներ կբացվեն, ելնելով այն կորեացիների թվից, որոնք բնակվում են այդ երկրներում, և այն աջակցությունից, որը հարկավոր է կորեական ընկերություններին շուկաներ դուրս գալու համար»,–հայտարարել է Կորեայի Հանրապետության ներկայացուցիչը, գրում է «Նովոստի Արմենիան»։
Հայաստանից բացի, դեսպանատներ կբացվեն նաև Վրաստանում, Էստոնիայում, Լիտվայում, Սլովենիայում, Լյուքսեմբուրգում, Մարշալյան կղզիներում, Սյեռա Լեոնեում, Ճամայկայում և Զիմբաբվեում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը դեսպանատուն կբացի Սեուլում։