Եվրամիությունն ուսումնասիրում է ՀՀ–ին ռազմական աջակցության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման հնարավորության հարցերը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
Նա նաև ասել է, որ Եվրամիությունը հստակ զգուշացրել է Ադրբեջանին ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում «խիստ հետևանքների» մասին, գրում է ՏԱՍՍ–ը։
«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանում ապակայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Եվ մեր ազդակն Ադրբեջանին հստակ է՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և խիստ հետևանքներ կունենա մեր հարաբերությունների համար»,–ասել է նա։
Բորելը նաև կոչ է արել վերսկսել Բաքվի և Երևանի միջև բանակցությունները խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ։ Նա նաև ասել է, որ նախարարները պայմանավորվել են հրավիրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին մասնակցելու ԵՄ Խորհրդի հաջորդ նիստին։