18 նոյեմբերի 2023 - 11:43 AMT
Մարուքյան․ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Ադրբեջանը սաբոտաժի է ենթարկում ՀՀ հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

Նա այդպես է մեկնաբանել Բաքվի պահվածքը, որը հրաժարվեց մեկնել Բրյուսել՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ կայանալիք ՀՀ հետ հանդիպմանը, իսկ նոյեմբերի 16–ին՝ նաև ԱՄՆ հրավերով Վաշինգտոն այցից, որտեղ նախատեսվում էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

«Այսինքն Ադրբեջանը ցույց տվեց միջազգային հանրությանը և մեզ, որ չի գնում բանակցությունների՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե Հայաստանն, իբր, չի ցանկանում, որ խաղաղություն հաստատվի։ Այսինք, նրանք մշտապես բոյկոտում են խաղաղության պայմանագրի քննարկումը, հետո հայտարարում, որ պետք է ակտիվացնել բանակցային պրոցեսը, խաղաղության պայմանագիր կնքել, բայց հրաժարվում են նախատեսվող հանդիպումներից»,–ասել է նա։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: