25 նոյեմբերի 2023 - 16:06 AMT
ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:

Սաուդյան Արաբիան գրավում է Արաբական թերակղզու մեծ մասը։ Սաուդյան Արաբիայի բնակչության մեծամասնությունը երիտասարդներ են՝ 33.4 միլիոն բնակչության 50 %-ը կազմում են մինչև 25 տարեկանները։ Որպես բացարձակ միապետություն՝ թագավորությունն ունի աշխարհի երրորդ ամենաբարձր ռազմական ծախսերը։

Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ղարաբաղյան հակամարտության պատճառով: Էր-Ռիյադը հայտարարել էր՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, «քանի դեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»։