5 դեկտեմբերի 2023 - 15:48 AMT
Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջանի միջև կարգավորումը

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպմանը հաստատել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։

«Տարածաշրջանային խնդիրների շուրջ բանավեճի ընթացքում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020–2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,–ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվել է, որ կողմերն անդրադարձել են «երկկողմ կապերի ակտուալ հարցերին»։

«Քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի միջև 2022–ի փետրվարի 22–ին կնքված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացմանն ուղղված հետագա համատեղ քայլերը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում ընթացող Կասպյան երկրների ԱԳՆԽ շրջանակում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովn Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ «3+3» ձևաչափը գնալով ավելի հեռանկարային է դառնում։