ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի «համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մասին»։
«Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը», - ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։
Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցելու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և քաղաքացիական հասարակության գծով շփումներին։
«Ողջունում ենք Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները հայ և ադրբեջանցի զինծառայողներին ազատելու վերաբերյալ»,–ասել է նա։
Նա հիշեցրել է, որ ռուսական կողմը հետևողականորեն առաջ է մղել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ձերբակալվածների փոխանակման գաղափարը։
Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: