Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա քարոզի ժամանակ ողջունել է հայ և ադրբեջանցի զինծառայողներին ազատելու մասին հայտարարությունը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում խաղաղության պայմանագիր կստորագրվի, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Ես ուրախ եմ զգալի թվով հայ և ադրբեջանցի զինվորականների ազատ արձակման կապակցությամբ և մեծ հույսով եմ դիտարկում այս դրական ազդանշանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար։ Կոչ եմ անում կողմերին և նրանց առաջնորդներին որքան հնարավոր է շուտ հաշտության պայմանագիր կնքել», – ասել է նա:
Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։
Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: