Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերիկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմի հետ միասին, հայտնում է Արմենպրեսը։
Ֆիլմի առանցքում հայ կերպարի պատմությունն է։ Այն պատմում է չորս նվիրյալ արհեստավորի մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80,000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելեսում։ Նրանց գլխավոր մենեջերը Սթիվ Բաղրամյանն է, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների:
Ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիստում է հայտնվել` ընտրվելով այս անվանակարգում առաջադրված 114 ֆիլմից։
«Վերանորոգման վերջին խանութը» հասանելի է առցանց Los Angeles Times-ի YouTube ալիքում: