Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում 22 համատեղ փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում՝ մինչև 2045 թվականը ԵԱՏՄ զարգացման հռչակագիրը։
Հավանություն է տրվել նաև համապատասխան միջոցառումների իրականացման ծրագրի մասին կարգարդրությանը, գրում է ՏԱՍՍ–ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում ընդգծել է, որ Բարձրագույն խորհրդի բոլոր անդամները համաձայնվել են հաստատել հռչակագիրը:
Նա նշել է, որ հռչակագիրը ծրագրային բնույթի նոր փաստաթուղթ է, որտեղ նախատեսված են առանցքային ճյուղերում համատեղ ջանքերի մեծացման քայլերը և սահմանված են փոխգործակցության լրացուցիչ ոլորտները, ինչպիսիք են կլիմայի օրակարգը, բժշկությունը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ոլորտներ։
Հաստատել են նաև ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի պայմանագրում փոփոխությունները, 2024 թվականին ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, միության երկրների 2024-2025 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները և այլ փաստաթղթեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: