2023թ-ի ընթացքում Հայաստանը Եվրամիության երկրներից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, ՀՀ-ի կողմից դրական պատասխանի է արժանացել 92․99 տոկոսը։ Այդ մասին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 92․99 տոկոսը չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարվում է հետընդունել իր քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ տարբեր երկրներում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Շատ դեպքերում կարող են լինել դեռևս չճշտված հանգամանքներում բնակվող անձինք, որոնք հետընդունման ենթակա չեն, հետևաբար ովքեր հետընդունման ենթակա չեն, բնականաբար, հայտի շրջանակներում դրական պատասխանի չեն արժանանում»,- նշել է Սարգսյանը։
Նա շեշտել է, որ վիճակագրական առումով մեր երկիրը բավականին լավ իրավիճակում է։ Սա նաև վստահություն է տալիս ԵՄ մեր գործընկերներին շարունակել ռեադմիսիոն (հետընդունում) գործընթացի շրջանակում ՀՀ-ի հետ համագործակցությունը։
ՆԳ փոխնախարարը թվարկեց այն երկրները, որոնցից ամենից շատ է ստացվում հետընդունման հայտ՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, Ռումինիա, Լեհաստան, Շվեդիա, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Նորվեգիա, Դանիա, Շվեյցարիա։ Այս շարքում կան երկրներ, որոնցից ստացված հայտերին ՀՀ-ն 100 տոկոսով դրական է արձագանքել։
ՆԳ փոխնախարարը հանձնաժողովում ներկայացրել է «ՀՀ կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև ՀՀ և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկման մասին արձանագրության վավերացման մասին նախագիծը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահն արդեն իսկ ուժի մեջ են 7 երկրների հետ արձանագրությունները՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան և Բենիլյուքսի երկրներ (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ)։ Արդեն իսկ դրական եզրակացություն կա արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի կողմից, ուստի անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից վավերացում։ Հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց նախագծին։ Այն կներկայացվի ԱԺ խորհրդին՝ առաջիկա հերթական նիստերի օրակարգում ներառելու համար։