2024 թվականին Մետրոպոլիտենի համար նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ։ Այդ մասին ասել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը, հայտնում է Արմենպրեսը:
Անդրադառնալով 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին՝ նա նշել է, որ առաջիկա տարվա ամենակարևոր անելիքներից մեկը Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության մրցույթի մեկնարկն է: Նա նշել է նաև, որ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը կունենա նոր լուսավորություն։
Խոսելով միասնական վճարային համակարգից ՝ Սեդրակյանն ընդգծել է, որ համակարգի ներդրումը փուլ առ փուլ առաջ է գնում: Մետրոպոլիտենն այս տարի նախատեսում է քաղաքի կենտրոն տանող կայարանների մոտ ստեղծել ավտոկայանատեղիներ:
Նա նշել է, որ 2023 թվականը մետրոպոլիտենի համար բավականին հաջող տարի է եղել:
«2023 թվականին մետրոպոլիտենի տնտեսած միջոցների՝ մոտ 1 մլրդ․41 մլն․ դրամի հաշվին ձեռք է բերվել 8 անվազույգ, շարժասանդուղքի պահեստամասեր, գնացքների պահեստամասեր, կապի և սլաքային փոխադրիչների պահեստամասեր, ինչպես նաև այլ ապրանքներ ու նյութեր: ՀՀ կառավարության միջոցներով ձեռք է բերվել 14 հզոր օդափոխման համակարգ, 16 անվազույգ և 4300 մետր ռելս»,- ասել է նա:
Սեդրակյանը նշել է, որ նոր պահեստամասերի ձեռքբերման շնորհիվ է, որ մետրոպոլիտենի պարկին շուտով կմիանա վերանորոգված չորրորդ գնացքը, որի արդյունքում այս պահին շարժակազմը կունենա մոտավորապես 32 վագոն, որից 9-ը երկու վագոն, 4-ը՝ 3 վագոն և 2-ը 1 վագոն ունեցող գնացքներ են:
Հունվարի 15-ին գիծ դուրս կգա 3 վագոնով ևս մեկ շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը:
2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։