2 փետրվարի 2024 - 10:41 AMT
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սերբիայի և Ադրբեջանի ռազմական գործակցությունը

Հայաստանի ԱԳՆ-ից մեկնաբանել են պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Վերջին շրջանում այս երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Սերբիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Բելգրադը Ադրբեջանին է վաճառել 48 Nora-B52 ինքնագնաց կայանք՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:

ԱԳՆ-ին հարց էր ուղղվել, թե արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։

«Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել են գերատեսչությունից։

Փետրվարի 1-ին Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները 2024թ.-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։