14 փետրվարի 2024 - 13:59 AMT
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության պոտենցիալը բարձր է համարում

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ կառույցը բարձր է համարում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ներուժը և որ կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։

«Որոշ պետություններ օգտագործում են հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության բարձր ներուժը Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու և դեպի Կենտրոնական Ասիա մուտք ապահովելու համար։ Իրավիճակի հետագա կարգավորման համար կարևոր նշանակություն ունի խաղաղության պայմանագրի կնքումը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ նրա, Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի միջև հետկոնֆլիկտային կարգավորման վրա, չնայած Հայաստանի անդամությանը ՀԱՊԿ–ին։

«Նույնիսկ անկախ ՀԱՊԿ–ում Հայաստանի անդամությանը, շարունակվում են դրսից հետհակամարտային ձևաչափի վրա ազդելու փորձերը»,–ասել է Սերդյուկովը։

Հունվարին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ արևմտյան երկրները չեն ցանկանում թույլ տալ, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթներն իրագործվեն, իսկ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն ցանկանում են իրենք կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատումն առանց ՌԴ մասնակցության։