Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի երդմնակալության արարողությունն էր փետրվարի 14–ին, կրկին սպառնալիքներ է հնչեցրել է Հայաստանի հասցեին։ Մասնավորապես, նա ասել է, թե «եթե Հայաստանը կարգի չբերի իր օրենսդրությունը, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»։
Նա ասել է, թե հայկական կողմը պետք է «կատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները», և, որ որքան էլ հովանավորներ ունենա Հայաստանը, «ոչ ոք Ադրբեջանին չի կարող կանգնեցնել», հայտնում է Haqqin.az-ը։
«Հայաստանը, կարծես, մոռացել է երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները։ Իսկ գուցե ոմանք նրան դրդում են ամենևին չկատարել այդ պարտավորությունները»,–ասել է նա։
Ալիևը նաև ասել է, որ բանակաշինության գործընթացը շարունակվելու է՝ ստեղծվում է ռազմարդյունաբերական համալիր, որի 1–ին փուլն արդեն ավարտվել է, իսկ երկրորդն «ավելի լայնածավալ է լինելու»։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։