5 մարտի 2024 - 14:22 AMT
Ասրյան․ ՀԱՊԿ-ից դեռ դուրս չենք եկել, իսկ ինչ կլինի հետո՝ գաղտնիք է

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը «Եռաբլուր» զինպանթեոնում լրագրողներին ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին տեղեկությունը գաղտնի է:

«Մենք ՀԱՊԿ–ից դեռևս դուրս չենք եկել, իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, այդ հարցը գաղտնիք է պարունակում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Դիտարկմանը, թե ՀԱՊԿ շրջանակում համատեղ կառույցներ կան, Ասրյանը նշել է, որ այդ կառույցները գոյություն ունեն միայն թղթի վրա:

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։