Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը տարեկան զեկույցում գրել է Հայաստանում ոստիկանական բռնությունների և լրագրողների նկատմամբ ճնշումների մասին։
«2023 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների ժամանակ իրավապահների կողմից ուժի անօրինական կիրառման դեպքեր են արձանագրվել», -ասվում է զեկույցում, տեղեկացնում է «Ազատությունը»։
Որպես օրինակ զեկույցի հեղինակները մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ծավալված իրադարձությունները։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, որ դիտարկում էր բողոքի գործողությունը, նշել է, որ ոստիկանությունը ցուցարարների հանդեպ «անհամաչափ ուժ է կիրառել առանց խտրականության, այդ թվում՝ ծեծ կիրառելով և արցունքաբեր գազով նռնակների արձակելով անմիջականորեն ամբոխի ուղղությամբ՝ առանց նախազգուշացման», - նշված է զեկույցում։
«Պահպանվում են մտահոգությունները կապված այն լրագրողների անվտանգության հետ, որոնք շարունակում էին ճնշումների, վիրավորանքների և բռնության ենթարկվել կառավարության աջակիցների կողմից։
Առնվազն երկու լրագրող հայտարարել է, որ հուլիսի 25-ին կայացած վարչապետի ասուլիսի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրան ուղղած իրենց հարցերից հետո, համացանցում ենթարկվել են ակտիվ ճնշումների և սպառնալիքների, այդ թվում՝ որոշ պաշտոնյաների կողմից», - նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։