13 մայիսի 2024 - 10:43 AMT
Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան առանորդած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 12–ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հանդիպել է ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ և վերջինս չի մերժել գործընթացին միանալը:

«Անցած անգամ Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, նրանց ձայները 35-ն են։ Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ` իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող են ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, ինչը կարևոր է արձանագրել:

«Մնացել է չափազանց կարևոր երկու հարցի լուծում՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը», - հայտարարել է սրբազանն ու նշել, որ առաջիկա օրերին պետք է լուծեն նաև այս հարցերը։

Մայիսի 13–ից Բագրատ սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակում Երևանում և անհնազանդության ակցիաներ իրականացնում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։