25 մայիսի 2024 - 15:23 AMT
Ադրբեջանը 11%–ով կավելացնի ռազմական և անվտանգային ծախսերը

Ադրբեջանը 11%–ով կավելացնի ռազմական և անվտանգային ոլորտի ծախսերը։ Այդ է վկայում այդ երկրի ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «2024թ․բյուջեում փոփոխությունների մասին» օրինագիծը։

Ըստ փաստաթղթի, վերոնշյալ ոլորտների ծախսերը 6 մլրդ 421 մլն մանաթից կհասնեն 7 մլրդ 126․3 մլն մանաթի՝ ավելանալով ավելի քան 705 մլն մանաթով (մոտ 415 մլն դոլարով), հայտնում է Haqqin.az-ը։

Անընդհատ ռազմական բյուջեն ավելացնող և սպառազինության գնումների ծավալը մեծացնող Ադրբեջանը քարոզչական մեծ բացասական ալիք է բարձրացնում, երբ Հայաստանը ռազմական որև է գնում է կատարում տարբեր երկրներից, մեղադրում է Ֆրանսիային և Հնդկաստանին Հայաստանին զինելու մեջ։

Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, հաճախ Թուրքիայի, նաև Պակիստանի հետ։ Մայիսի 24–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի։