30 մայիսի 2024 - 15:24 AMT
Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը

Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը:

Միրզոյանը և Քանին անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ:

Իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների առնչությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի մյուս պաշտոնյաների հոգեհանգստյան արարողությանը։