3 հունիսի 2024 - 12:51 AMT
Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն աջակցություն է հայտնել ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաների իրավունքին և կոչ արել կառավարությանը զսպվածություն ցուցաբերել, հարգել իրենց անհամաձայնությունը հայտնելու մարդկանց հիմնարար իրավունքը: Այդ մասին ասվում է ինստիտուտի X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը խաղաղության դիմաց Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է: Նշվում է նաև, որ իշխանությունների այս որոշումը համաձայն չեն նաև խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները, որոնք փորձում են իմպիչմենտի գործընթաց սկսել վարչապետի դեմ։

«Լեմկինի ինստիտուտը ընդունում է այդ ճանապարհի երերուն լինելն ու այն վտանգը, որ այդ իրադարձությունները կարող են ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության համար, հատկապես 2023–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի գրավման և հետագայում ամբողջ բնակչության՝ ավելի քան 100, 000 մարդու բռնի տեղահանման լույսի ներքո:

Լեմկինի ինստիտուտը պաշտպանում է ցեղասպանության սպառնալիքի առջև կանգնած հայ ժողովրդի խաղաղ բողոքի և այլ քաղաքականություն պաշտպանելու իրավունքը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների կառավարություններին, ցուցաբերել զսպվածություն և հարգել իրենց անհամաձայնությունը հայտնելու մարդկանց հիմնարար իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիաներ է իրականցնում ապրիլի 19–ից՝ դեմ հանդես գալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը, հայտարարված պայմաններով, և պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։