Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ տարածքում թիրախներին հարվածելու համար Կիևին արևմտյան զենք կիրառելու թույլտվությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։
«Կցանկանայի նախազգուշացնել ամերիկացի գործիչներին սխալ հաշվարկներից, որոնք կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ: Անհասկանալի պատճառներով նրանք թերագնահատում են այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ»,- ասել է Ռյաբկովը, գրում է «Իզվեստինա»։
Նա հորդորել է ԱՄՆ պաշտոնյաներին «ամենայն լրջությամբ վերաբերվել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումներին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաշքենդում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչները, հատկապես՝ Եվրոպայում, հատկապես փոքր երկրներում, խիտ բնակչությամբ, պետք է տեղյակ լինեն, թե ինչի հետ են խաղում։ Նա հավելել է, որ այդ գործոնը նրանք պետք է հաշվի առնեն՝ նախքան ռուսական տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին խոսելը։