7 հունիսի 2024 - 18:12 AMT
ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերն ուսանողների կրթության և մասնագիտացման գործում, հունիսի 7–ին ստորագրել են գործակցության հուշագիր։

Ըստ դրա՝ ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում ներգրավվելու են նաև Ucom ընկերության փորձառու աշխատակիցները։ Բացի դրանից՝ ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան։

Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ։ Հուշագրով նախատեսված է նաև, որ ընկերությունը, ըստ նպատակահարմարության և իր հայեցողությամբ, թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովելու է աշխատանքով։

«Ես համոզված եմ, որ այս հուշագիրը կընձեռի նոր հնարավորություններ մեր ուսանողների համար։ Այն կամրապնդի կապը ակադեմիական և գործնական ոլորտների միջև՝ ապահովելով առավել բարենպաստ պայմաններ գիտելիքների և մասնագիտական հմտությունների զարգացման համար։ ԵՊՀ-ն մշտապես ձգտում է ապահովել ուսանողներին բարձրորակ կրթությամբ, և Ucom ընկերության հետ այս համագործակցությունը մեզ թույլ կտա նորարարական լուծումներով և տեխնոլոգիաներով հարստացնել մեր կրթական ծրագրերը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Այսօր աշխարհում բոլորը գիտեն, որ ցանկացած ընկերության հաջողություն կախված է աշխատակիցներից, ներգրավված տաղանդներից։ Հայաստանում էլ շատ կարևոր է աշխատել երիտասարդների հետ, պատրաստել նրանց հետագա կարիերայի կառուցմանը։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ պետք է մեր ներդրումն ունենանք այսօրվա ուսանողների գործնական ապագայի մեջ և դրա համար էլ ուրախ ենք հաստատել այս համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ընձեռելով նոր հնարավորություններ ու հաջողություններ ինչպես ուսանողների, այնպես էլ երկու կառույցների համար։