Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի սահմանները։ Այդ մասին նա հունիսի 8-ին հայտարարել է թուրքական CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, հայտնում է Panorama.am-ը։
«Մենք (Իրանը – Խմբ.) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, սակայն չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները»,–ասել է նա։
Իրանը 44–օրյա պատերազմից հետո պաբերաբար հայտարարում է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։
ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։