13 հունիսի 2024 - 16:50 AMT
Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության փոխչեմպիոններ

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանն ու Էմին Օհանյանն արծաթե մեդալներ են նվաճել Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ավարտված մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությունում:

Կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:

Վերջին՝ 11-րդ տուրում, հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության է հասել հնդիկ Ռավի Ռակշիտայի նկատմամբ: Մարիամ Մկրտչյանը կես միավոր է զիջել չեմպիոնի տիտղոսը նվաճած Դիվյա Դեշմուխին։

Տղաների պայքարում 17-ամյա Էմին Օհանյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և Ղազախստանը ներկայացնող Նոգերբեկ Կազիբեկի հետ կիսել 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Էմինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել է 4-րդ տեղը։