ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ և Ֆրանսիայի միջև CAESAR համակարգերի ձեռքբերման պայմանագրին, հայտարարել է, որ Ֆրանսիան նոր սրացում է հրահրում Հարավային Կովկասում։
«Փարիզը զինված հակամարտության հերթական սրացումն է հրահրում Հարավային Կովկասում։ Սա ևս մեկ քայլ է։ Մենք այդ մասին ասել ենք, կրկին տեսնում եք հաստատումը»,– ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Երևանի և Փարիզի կնքած պայմանագիրը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ինչպես նշել է Զախարովան, Ֆրանսիայի իշխանությունները ղեկավարվում են «ոչ թե Հայաստանի շահերով, ոչ թե կոնկրետ գոնե մեկ ժողովրդի շահերով, ոչ, ոչ մի նման բան»։
«Փարիզը ձգտում է օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների միջև կամ ներսում՝ որպես գործիք բացառապես սեփական շահադիտական նպատակների համար»,–ասել է նա։
Զախարովան հավելել է, որ շահադիտական նպատակների տակ ենթադրվում է ոչ միայն Փարիզի սեփական շահը, այլ նաև Ֆրանսիայի՝ «որպես ՆԱՏՕ–ի գաղափարախոսության ջատագովի»։
Ավելի վաղ Բաքուն էր նյարդային արձագանքել Հայաստանին ֆրանսիական CAESAR-ների վաճառքին և ռազմատեխնիկական գործակցության զարգացման պայմանագրերի կնքմանը Հայաստանի և Ֆրանսիայի միջև։
Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։