20 հունիսի 2024 - 11:48 AMT
ԱԽ քարտուղարը Ֆրանսիայում քննարկել է տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի վարչապետ Գաբրիել Ատալի դիվանագիտական խորհրդական Ստեֆան Մարկիզիոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործակցության բազմաոլորտ օրակարգը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և դրանց հեռանկարներին, հայտնում է ԱԽ գրասենյակը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների շուրջ:

Երևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են կնքել։ Հունիսի 17-ին Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ՝ կողմերը կարևորել են ռազմատեխնիկական գործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Պապիկյանը մասնակցել է Eurosatory միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։