20 հունիսի 2024 - 12:43 AMT
Աբրահամյան․ ԱԳՆ հայտարարությունը լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ «ջարդեց ոչ միայն փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչությունը, այլ մեծ թվով լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ իրականությունը, որն արտացոլված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում մտահոգիչ է և անհանգստացնող։

«ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Այսինքն` փաշինյանական իրականությունում ադրբեջանական ագրեսիային նախապատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումներով, անվտանգության նկատառումներով ծառեր տնկելով, բանակային կորպուսները հետ քաշելով և սահմանապահներ տեղակայելո՞վ:

Բա սահմանամերձ բնակավայրերով շրջում եք ու մարդկանց համոզում (իրականում` ստում), որ իրենց հիմնական խնդիրը տանիքի, անասունի կամ գյուղական նշանակության ինչ-որ կառույցի հարցն է:

Շատերն էլ հավատալով այդ վարդագույն իրականությանը ստախոսին փրկիչ են համարում, իսկ իրականությունը, որն արտացոլված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շատ ավելի մտահոգիչ է և անհանգստացնող:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Նշվում է, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Նշվում է նաև, որ Բաքվի արձագանքը ՀՀ–Ֆրանսիա գործակցությանը հիմնավորում է այն վերլուծությունները, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի COP29-ից հետո ՀՀ դեմ նոր ագրեսիա սկսելու համար։