21 հունիսի 2024 - 11:38 AMT
Բագրատ սրբազան․ Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը

Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն աջակիցների հետ մեկնել է Կիրանց։ Նա ասել է, որ գնում են Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է փշալարերով ցանկապատը։

«Ուզում եմ գնալ Կիրանց՝ հանդիպելու այնտեղի ժողովրդի հետ, հասկանալու բուն իրավիճակը, գնահատելու, թե ինչ է տեղի ունենում»,- նախքան Երևանից Կիրանց մեկնելն ասել է նա լրագրողներին, հայտնում է Panorama.am-ը։

Սրբազանը նաև նշել է, որ ուզում են տեսնել իշխանության կողմից ցուցադրված հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցկացված փշալարերով ցանկապատը։

«Ուզում ենք տեսնել, թե այդ ցանկապատ ասվածը որտեղ է գտնվում... Ցանկապատ էր, սահմանագիծ էր, փշալար էր։ Մինչև օրս մեզ ուղարկված տեսանյութերում, լուսանկարներում այդ ցանկապատը չկա։ Ասում են Ոսկեպարում է, գնանք, տեսնենք մեր աչքերով ու համոզվենք՝ կա, թե չկա»,- ասել է Բագրատ սրբազանը:

Այն հարցին, թե կա՞ արդյոք տեղեկություն Կիրանցում ոստիկանների ներկայության ու գյուղ քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին, Սրբազանը պատասխանել է, որ տեղեկություն չունի։

«Ասացին, որ չկան, մնացածը կտեսնենք։ Կարող է այսօր հատուկ բերեն, չգիտեմ»,–ասել է նա։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել էր շարժման վերադասավորման մասին։ Հունիսի 22-ին ժամը 20:00-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին։