24 հունիսի 2024 - 10:29 AMT
Կլաարը ողջունել է հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու ՀՀ առաջարկը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հրադադարի խախտումների հետաքննման երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ողջունելի է սահմանին լարվածությունը նվազեցնելու նպատակով հրադադարի ենթադրյալ խախտումների հետաքննման երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։ 15 տարի շարունակ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով օգնել է նման հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ է կիսվել իր փորձով»,–ասվում է գրառման մեջ։

Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները: Վերջին շրջանում սա Երևանի նմանատիպ երկրորդ առաջարկն է՝ առաջինն արվել էր հունիսի 15–ին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի, իբր, խախտումների մասին, որոնք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է։ Այդ հաղորդագրությունները հերքել է նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությունը: