Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բավքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին և բողոքել ՀՀ սահմանադրությունից։
«Այս գործընթացում հիմնական խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։