27 հունիսի 2024 - 13:40 AMT
ԵԱԶԲ–ն վերանայել է կանխատեսումը՝ ՀՀ–ում տնտեսական աճի ակնկալիքը հասցնելով 7․5 տոկոսի

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է բանկի մասնակից երկրների մակրոտնտեսական կանխատեսումները` Հայաստանի ՀՆԱ-ի աճը մինչև տարեվերջ կանխատեսելով 7․5 տոկոսի սահմանում։ 2025 թվականի համար կանխատեսվում է 4․2 տոկոս աճ։

Եվրասիական զարգացման բանկի նախորդ կանխատեսմամբ, Հայաստանում 2024–ին ակնկալվում էր 5․7 տոկոս տնտեսական աճ։

ԵԱԶԲ կանխատեսման մեջ նշվում է, որ 2024–ին Բելառուսում ՀՆԱ աճը կկազմի 3․4 տոկոս, Ղազախստանում՝ 5 տոկոս, Ղրղզստանում՝ 5․5 տոկոս, ՌԴ–ում՝ 3 տոկոս, Տաջիկստանում՝ 8 տոկոս։

Վերլուծության մեջ նշվում է, որ Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ներքին պահանջարկի ավելացումը և հիմնական մետաղների արտահանման ավելացումն աճի բարձր տեմպեր են ապահովել 2024–ի սկզբին։

Գնաճի առումով ամենաբարվոք վիճակը Հայաստանում է՝ մնալով ցածր մակարդակի, իսկ Ղրղզստանում և Տաջիկստանում այն նվազման միտում ունի։

Հայաստանում գնաճը 2024–ին կանխատեսվում է 1․5 տոկոսի սահմանում։