13 մայիսի 2009 - 19:23 AMT
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը ներկայացրել է 2009թ. ապրիլ ամսվա հաշվետվությունը
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ապրիլ ամսին ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող ընդհանուր քանակությամբ երեսունհինգ բողոք, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող երեսունհինգ բողոքներից քսանմեկը համաձայն օրենքի ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից: Այդ հաճախորդներից 5-ն իրավաբանական անձինք են, 7-ի բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքը ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, 3-ի պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած 6 բողոքները կրում են ընդհանուր բնույթ եւ ըստ էության չեն պարունակում գույքային պահանջ:
Հաշտարարի քննությանը ենթակա տասնչորս բողոքներից երկուսը ստացվել են գրավոր տեսքով եւ ներկայումս գտվում են քննության գործընթացում: Երեք հաճախորդներ բանավոր դիմել են Հաշտարարի գրասենյակ, որոնց Գրասենյակի աշխատակիցները պարզաբանել են իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ առանց գրավոր դիմումի առկայության բանակցել են ֆինանսական կազմակերպությունների հետ: Սրա արդյունքում նշված երեք բողոքները բավարարվել են կազմակերպությունների կողմից` առանց ֆորմալ պահանջը քննության ընդունելու:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մնացած ինը պահանջների քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում էին, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չէին ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Գրասենյակի աշխատակիցները օգնել են վերջիններիս ձեւակերպել իրենց պահանջները եւ ուղղել ֆինանսական կազմակերպությանը:
Նախորդ ամսում Հաշտարարի կողմից ստացված վեց գրավոր պահանջներից մեկի վերաբերյալ կայացվել է պահանջը մերժելու վերաբերյալ որոշում, երեք պահանջները բավարարվել են` Հաշտարարի միջամտությամբ հաճախորդին եւ կազմակերպությանը հաշտեցնելու միջոցով, իսկ մնացած երկուսի մասով ներկայումս իրականացվում են կողմերի հաշտեցմանն ուղղված բանակցություններ: