28 հունիսի 2024 - 16:41 AMT
Սոբհանի․ Իրանը ողջունում է ՀՀ դիրքորոշումը Պաղեստինի ճանաչման հարցում

ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում։

Նա ՀՀ այդ քայլը քաջ ու դրական է գնահատել, հայտնում է Factor.am-ը։

«Եվս մեկ անգամ ողջունել ենք ՀՀ-ի որդեգրած քաղաքականությունը՝ Պաղեստինի պետության ճանաչման հարցում։ ՀՀ-ի կողմից այս քաջ ու դրական քայլը, որը կատարվեց, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի տղամարդկանց, կանանց ու երեխաների նկատմամբ` սիոնիստական ռեժիմի կողմից»,- նշել է դեսպանը։

Հունիսի 21–ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ։ Նշվում է, որ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը:

Պաշտոնական Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է երկրի ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ նրան կանչել են «խիստ դիտողություն» հայտնելու նպատակով: Մի շարք արաբական երկրներ ողջունել են Հայաստանի որոշումը։