1 հուլիսի 2024 - 17:37 AMT
ԱԳՆ–ն՝ ՀՀ–Թուրքիա հանդիպման մասին․ Երբ պայմանավորվածություն լինի, կիրազեկվի

Արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով լրատվամիջոցների հարցումներին, հայտարարել է, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը կիրազեկվի, երբ լինի պայմանավորվածություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Տեղեկատվություն էր տարածվել, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27–ին Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հունիսի 25-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս տարվա մարտին նախարարները բանակցություններ էին վարել Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։