Հունիսի 11-ին Armenian Card-ի` ArCa-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Խաչատրյանը, ով մինչ օրս ընկերությունում զբաղեցնում էր Ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը: Մինչև այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Իշխան Մխիթարյանը։
Խաչատրյանը ՀՀ ֆինանսաբանկային համակարգում ունի երկար տարիների հարուստ փորձ: Աշխատելով մոտ 15 տարի Կենտրոնական բանկում՝ նա զբաղեցրել է Վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողության բաժնի պետի, Արտարժութային գործառնությունների վերահսկողության բաժնի պետի, Միկրոֆինանսական կազմակերպությունների վերահսկողության ծառայության կոորդինատորի, Ֆինանսական վերահսկողության վարչությունում Վարկային ռիսկի գծով մասնագիտացած վերահսկողի և մի շարք այլ պաշտոններ:
Կարևորելով մասնագիտական աճն ու զարգացումը՝ Խաչատրյանը վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և այլ երկրների կենտրոնական բանկերում և ոլորտի առաջատար ընկերություններում:
«ArCa-ն Հայաստանի համար ունի կարևորագույն ստրատեգիկ նշանակություն։ Այժմ ընկերությունը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Համոզված եմ, որ նոր ռազմավարությամբ ու թիմով կստանանք սիներգիկ էֆեկտ՝ Հայաստանի վճարային համակարգը դարձնելով աշխարհի առաջատարներից մեկը», - նշել է Armenian Card-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը։
ArCa-ում նաև նշանակվել են վարչության նոր անդամներ՝ Ռուբեն Սաղոյանը՝ զարգացման տնօրեն, Հայկանուշ Հակոբյանը՝ գործառնական տնօրեն, Աղասի Վարդանյանը՝ տեխնոլոգիական տնօրեն, Աշոտ Վարդանյանը՝ ռիսկերի կառավարման տնօրեն։
Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքն է, որն ապահովում է 2.5 մլն․ հաճախորդների և 100,000-ից ավել բիզնեսների անկանխիկ վճարումների կատարման գործընթացը։ Armenian Card-ի գործընկերերի էկոհամակարգում ներառված են ՀՀ առևտրային բանկերը և վճարահաշվարկային կազմակերպություները։