27 հուլիսի 2024 - 15:29 AMT
Երևանում մայրն իր երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, տեսանկարահանել և ուղարկել օգտատերերին

Երևանում մայրն իր երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել, նշված գործողությունները տեսանկարահանել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի: 31-ամյա կինը ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Դեպքը բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հուլիսի 8-ին: 31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե»,- ասել է Սարգսյանը։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ, կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը:

«Ձեռք բերված փաստական տվյալների, հանգամանքների վերաբերյալ այլ ինֆորմացիա հրապարակման ենթակա չէ»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղարը։