Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին, հայտնում է պատրիարքարանի մամուլի ծառայությունը։
Գաբրիելյանը պատրիարքին մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի մասին։
«Վնասվել են Գաբրիելյանի քիթը և ձեռքը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Նշվել է, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ դատապարտել են դեպքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Պատրիարքն այցելության ավարտին արագ ապաքինում է մաղթել Գաբրիելյանին և իր զորակցությունն է հայտնել Գաբրիելյանների ընտանիքին։
Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։