Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են։
Քառորդ եզրափակչում 77 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանն 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Քավիանինեժադի հանդեպ: Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիադային։
97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը 9։5 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։ Գոտեմարտը շատ լարված ստացվեց, Ալեքսանյանը առավելության հասավ մրցակցի հանդեպ վերջին վայրկյաններին։
Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր Կորեայի ներկայացուցիչ Սենջուն Կիմին:
Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենին:
Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Այդ իսկ պատճառով Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակչում չեն հեռարձակվել ուղիղ եթերում:
Հայաստանն առայժմ մեկ մեդալ ունի Փարիզի Օլիմպիադայում։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել։